Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Ռազմիկ Ավետիսյանը, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, առողջական խնդիրների պաշտճառով բժշկական հսկողության տակ գտնվելու անհրաժեշտություն ունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանը նշեց, որ իր պաշտպանյալը բազմաթիվ առողջական խնդիրներով «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ այժմ զրկված է անգամ դեղորայքային բուժումից։ Լուսնթագ Բադալյանի խոսքով, Ռազմիկ Ավետիսյանը մշտական բժշկական հսկողության եւ դեղորայքային բուժման կարիք ունի, սակայն, ՔԿՀ-ից տեղեկացրե են, որ դեղերը պետք է նրա հարազատները գնեն եւ այդպես կազմակերպվի նրա բուժումը:

«Կիսաբաց ռեժիմով է կրում պատիժը, չնայած ասել էին, որ բաց ռեժիմ է լինելու, բայց աշխատակիցների եւ պաշտպանյալիս միջեւ միջադեպ էր եղել եւ նկատողություն են տվել, այժմ դեռ բաց ռեժիմով չի կրում պատիժը»,-ասաց նա:

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ռազմիկ Ավետիսյանը 2016թ․ հունիսի 10-ին գրավով ազատ էր արձակվել, սակայն, Վերաքննիչ դատարանը անթույլատրելի էր համարել եւ նրան կրկին կալանքի տակ վերցրել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։

Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: