Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի սննդամթերքի շուկայի վերաբերյալ մի շարք սենսացիոն բացահայտումներ կատարվեցին։ Նախ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց տեղեկություններ, որ խանութներում վաճառվող որոշ կաթնամթերքներում առկա են ոչ կաթնային բաղադրիչներ, մասնավորապես՝ սոդա։

Այնուհետեւ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հայտարարեց, որ որոշ թթվասերների մեջ սոյա են հայտնաբերել, իսկ կոնֆետների մեջ՝ քիմիական ներկեր։ Դա էլ հերիք չի՝ հրուշակեղենի 40-45 տոկոսը վտանգավոր է առողջության համար։

Սակայն խնդիրն այն է, որ Հյաստանում առկա են պետական մարմիններ, որոնց ուղղակի պարտավորությունն էր նման բացահայտումներ կատարելը։ Օրինակ՝ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը գործնականում բանից անտեղյակ է։

ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ՏՄՊՊՀ-ն գործել է իր իրավասությունների շրջանակում՝ փորձաքննության ենթարկելով կաթնամթերքները։ Ինչ վերաբերում է սննդի անվտանգության տեսչությանը, ապա ըստ Ղարիբյանի՝ «դա նրանց ամենօրյա աշխատանքներից մեկն է, եւ աշխատում են այնքան, որքան թույլ են տալիս մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները»։