Կաշառքի գործով կալանավորված բժիշկ Արման Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, առավոտյան դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Արման Հակոբյանը հացադուլ էր հայտարարել դեռեւս ՁՊՎ-ում եղած ժամանակ: Նա կալանավորվել է սեպտեմբերի 25-ին:
Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ: Ըստ Քննչական կոմիտեի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական տարիքի հասած տղաների առողջական վիճակի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ տրամադրելու վերաբերյալ։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից 3-ը՝ բժշկական տարբեր հիմնարկների աշխատակիցներ։ Այսպես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), սրտաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ այլ բժշկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։
Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։


























