Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգին եւ «Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանին:

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության խնդիրները: Արտակ Շաբոյանը, կարեւորելով ծրագիրը, նշել է, որ «Թվինինգ» ծրագրի պայմանագրի նախագծման աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել նաեւ Հանձնաժողովի գործունեության եռամյա ռազմավարության մշակման համար:

Հանձնաժողովի նախագահն արտասահմանյան հյուրերին նաեւ տեղեկացրել է, որ արդեն Ազգային Ժողովում է գտնվում Հայաստանի մրցակցային օրենսդրության փոփոխության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել մոտ ապագայում, իսկ առաջիկայում մեկնարկող Թվինինգի ծրագրի գործառույթները հնարավորություն կտան զուգահեռաբար ընդլայնել Հանձնաժողովի մասնագետների կարողությունները, ինչն էլ կնպաստի օրենսդրության կիրարկման ուղղությամբ ԵՄ չափանիշների որդեգրմանը եւ երկրում մրցակցության իրավիճակի բարելավմանը:

Արտակ Շաբոյանը ցավով նշել է, որ չնայած գործադրված երկկողմ ջանքերին, պայմանագրի ստորագրումը, որոշակի տեխնիկական խնդիրներով պայմանավորված, հետաձգվում է: Սակայն ԵՄ գործըկերները դրական են գնահատել երկկողմ ջանքերը միաժամանակ ընդգծելով, որ կողմերը պահպանել են բոլոր նախանշված ժամկետները եւ պատրաստակամություն հայտնել պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո` փետրվարին անցկացնել ծրագրի մեկնարկային համաժողով` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: