Իրավապահները բացահայտել են սեպտեմբերի 13-ի գիշերը Արարատի մարզի Նորամարգ գյուղում «Քաջ Նազար» հացատան բակում կրակոցների հեղինակին:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկվել Երեւանի բնակիչներ՝ 58-ամյա Նիկոլայ Բ.-ն եւ 47-ամյա Ստեփան Թ.-ն:

Պարզվել է, որ «Քաջ Նազար» հացատանը Նիկոլայ Բ.-ն վիճաբանել է Գառնիկ Գ.-ի, նրա 2 ընկերների հետ, որից հետո հայհոյանքներ տալով հեռացել է: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է՝ ձեռքին ունենալով ինքնաձիգ ու այդ ժամանակ Նիկոլայ Բ.-ն անկանոն կրակոցներ է արձակել, մինչեւ որ Գառնիկ Գ.-ն կարողացել է նրա ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո վերջինը դիմել է փախուստի։

Քննչական բաժինը պարզել է նաեւ, որ դեպքից 1 օր անց Նիկոլայ Բ.-ի ընկեր Ստեփան Թ.-ն վերադարձել է հացատուն, բանակցություններ վարել Գառնիկ Գ.-ի հետ, ով ինքնաձիգը հանձնել է Ստեփան Թ.-ին, որից հետո վերջինս ավտոմեքենայով հեռացել է։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Ստեփան Թ.-ին պատկանող Lexus մակնիշի 99 DD 303 համարանիշի ավտոմեքենան զննվել է, որտեղ բեռնախցիկում հայտնաբերվել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ՝ պահունակով՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտով։

Նիկոլայ Բ.-ն ձերբակալվել է, իսկ Ստեփան Թ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել։