Իմ կապը Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներին եւ սպանությանը երեւի միայն ալավերդցի լինելն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում Վերնիսաժի հարեւանությամբ հնչած կրակոցներին, որի հետեւանքով սպանվել էր մեկ մարդ:

Դիտարկմանը, որ ըստ որոշ տեղեկությունները տեղի ունեցածը կապ ունի մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, քանի որ վիրավորվածը մարզպետի մտերիմներից եւ քրեական հեղինակություն, Արթուր Նալբանդյանն արձագանքեց. «Ես անհեթեթ սուտ լուրերին ուղղակի հերքում չեմ տալիս: Դեպքի մի մասնակցին բռնել են, միգուցե մյուսներին էլ կբռնեն: Հիմա արդեն որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են այդ գործին ու երեւի դուք էլ կզգաք, թե ինչ կապ ես կարող էի ունենալ: Իմ կապը երեւի միայն ալավերդցի լինելն է»:

Մարզպետին փորձեց օգնության հասցնել «Թումանյանական աշխարհ» թերթի երկարամյա խմբագիր Արարատ Թամրազյանը, ով ինչպես ինքը նշեց 35 տարվա խմբագիր է: Վերջինս դիմեց մարզպետին, առաջարկելով. «Էդ խուժան լրատվամիջոցների վերջը պետք է տրվի մեր երկրում, պարոն մազպետ»:

«Պարոն Թամրազյան, խուժան կրակողներից չեք անհանգստանում Ալավերդիում, խուժան լրագրողներից անհանգստանո՞ւմ եք»,- հակադարձեց հարցը տվող լրագրողը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել է, մեկւը՝ վիրավորվել: Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ կասկածվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը: 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանին արդեն հայտնաբերել են, մյուս երկուսին որոնում են: