Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՔԿՀ-ից դատարան են ներկայացրել ստիպողաբար՝ արյան բարձր ճնշմամբ, հողաթափերով եւ սպորտային հագուստով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ Իշխան Բարսեղյանն ունեցել է արյան բարձր ճնշում, սակայն, նրան դեղորայք են ներարկել, որի արդյունքում  ճնշումը 10 րոպեի ընթացքում միանգամից իջել է:

«Այսօր ճնշումը եղել է, ըստ Իշխան Բարսեղյանի, 220-130 եւ նրան շատ ուժեղ դեղ են սրսկել, որպեսզի ընդամնեը 10 րոպեում իջեցնեն ճնշումը եւ տեղափոխեն դատարան: Ճնշումը մինչեւ 130 է իջել, նրան ասել են, որ այսօր անպայման պետք է դատարան տեղափոխվի եւ նրան հողաթափով եւ սպորտային հագուստով ստիպողաբար ներկայացրել էին դատարան»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանը սրտի հետ կապված առողջական խնդիր ունի:

 Այս գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Իշխան Բարսեղյանն ի վիճակի չէր մասնակցել նիստին:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: