Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը սեպտեմբերի 14-ին կտրուկ վատացել է եւ նա այժմ պահվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

«Սեպտեմբերի 26-ին շատ վատ է եղել, սրտի նոպա է եղել մոտը: Նա բազմաթիվ անգամ վատացել է, սեպտեմբերի 14-ին ինքնազգացողության կտրուկ վատացում էր ունեցել, նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, նրան սրտի ստենդավորում կամ վիրահատություն է կատարվելու: Ունի արյան բարձր ճնշում, այն չի կարգավորվում»,-ասաց նա:

Նշենք, որ այս գործով սեպտեմբերի 28-ին նշանակաված դատական նիստը չկայացավ, Իշխան ԲԱրսեղյանը ներկայացվել էր դատարան, սակայն, նա վատ ինքնազգացողություն ուներ եւ չկարողացավ մասնակցել նիստին:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: