Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ երկրամասի իրավապահ մարմինները որոնում են մանկական սնունդը թունավորած հանցագործին: Նա թունավորել է Գերմանիայի հարավում գտնվող Ֆրիդրիխսհաֆեն քաղաքի սուպերմարկետներից մեկի մանկական սնունդը եւ խոշոր փրկագին է պահանջել՝ հակառակ դեպքում սպառնալով վտանգավոր նյութ ավելացնել առեւտրային ցանցերի այլ արտադրանքի մեջ: Այս մասին հուլիսի 28-ին Կոնստանցում՝ մամուլի ասուլիսին, հայտարարել է Ռավենսբուրգի գլխավոր դատախազ Ալեքսանդր Բոգերը, հաղորդում է DW-ն:
«Մենք լուրջ ենք վերաբերվում այս սպառնալիքներին», - ընդգծել է Բոգերը: Ներկայումս հայտնաբերվել է մանկական սննդի 5 տուփ, որոնց էթիլենգլիկոլ է ավելացվել: Եթե այդ թունավոր հեղուկը մտնի մարդու օրգանիզմ, ապա կարող է հանգեցնել անդառնալի փոփոխությունների եւ անգամ մահվան: Թե որ առեւտրային ցանցի մասին է խոսքը, ոստիկանությունը չի նշում բնակչության շրջանում խուճապից խուսափելու համար:
Նշվում է, որ հանցագործը 10 մլն եվրո փրկագին է պահանջել: Թունավորված սնունդը առեւտրային ցանց է հասել սեպտեմբերի 23-ին, սակայն ոստիկանության հավաստմամբ՝ մարդիկ դեռ չեն հասցրել գնել այն:
Իր պահանջները չկատարելու դեպքում, հանցագործը խոստացել է եւս 20 արտադրանք թունավորել ոչ միայն Գերմանիայի համար նախատեսված, այլեւ այլ երկրների: Հանցագործի գործողությունների դրդապատճառները դեռ հայտնի չեն:



























