Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, եւ իմ ընկերն է լինելու։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով խոշոր հափշտակության համար ազատազրկված եւ նախագահի ներմանն արժանացած գործչի ազատումը բանտից։

«Վազգեն Խաչիկյանը ներման դիմում է գրել եւ օրենքով սահմանված կարգով նախագահը նրան ներում է շնորհել։ Նա հինգ տարի անցկացրել է ազատազրկման վայրերում եւ այսօր վեադաձրել է ընտանիք»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ կա։ Առաջին եւ վերջին դեպքը չէ, որ նախագահը ներման հրամանագիր է ստորագրում»։

Նա նշել է, թե պարոն Խաչիկյանին ճանաչել է որպես հանրապետական, եւ այսօր չի կարող ասել կսառեցվի նրա թեկնածությունը, թե ոչ։ «Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, եւ իմ ընկերն է լինելու։ Իմ ընտանիքում էլ է ուրախություն, որ նա ազատվել է։ Ես երբեք մարդկային հարաբերությունները իրավականի հետ չեմ խառնում»,- ասել է Շարմազանովը։ Նա տեղյակ չէ, արդյոք Խաչիկյանը զբաղվելու է քաղաքականությամբ, թե ոչ, սակայն նշել է, որ Խաչիկյանի եղբայրը՝ Հայկազ Խաչիկյանը առաջադրվելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնում։