«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը փոփոխված ու հստակեցված տարբերակով ուժի մեջ է դեկտեմբերի 2-ից:

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանի` ծրագրում փոփոխությունները միտված են մարզաբնակ երիտասարդների բնակարան ձեռք բերելու գործընթացում արտոնյալ պայմաններ ստեղծելուն: Մարզերի երիտասարդ ընտանիքներն այսուհետ մայրաքաղաքի համեմատ բնակարանյին վարկերը կստանան 1,5 տոկոս ցածր տոկոսադրույքով. նրանց վարկի տոկոսադրույքը նախկին 9-ի փոխարեն սահմանված է 7,5:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի տեղակալ Լիլիթ Եղիազարյանը, մինչ օրս նշյալ ծրագրից օգտվել է 209 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1,7 մլրդ դրամի վարկեր:

Հարցին, թե նորացված ծրագրից օգտվե՞լ են, արդյոք, մարզերի շահառուները, նա պատասխանեց. «Վարկեր ստանալու դիմումների մասին տվյալներ մեզ տարբեր բանկերից են գալիս. ծրագրից օգտվելու համար մարզաբնակ ընտանիքները հնարավոր է, որ դիմել են, հնարավոր է` ոչ: Մեր տեղեկատվական բազայում երեւանաբնակներն ու մարզաբնակները տարանջատված չեն»:

Այդոըհանդերձ, Եղիազարյանը նշեց, որ իրենք նախատեսում են առաջիկայում ծրագրի շահառուների տարանջատում կատարել: