Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Ժառանգությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիշատակում է, որ Հայաստանը այդ օրը նշում է քաղբանտարկյալների առկայությամբ, ինչն ամոթալի է:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր աշխարհի առաջադեմ երկրները նշում են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Օրվա խորհուրդը մեզ պարտավորեցնում է ոչ միայն ավելի հետեւողական լինել մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարում, այլեւ երախտագիտությամբ վերհիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին կամ տուժեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների դեմ մարտնչելիս:

1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները Հայաստանի անկախացումից հետո նույնպես ամրագրվեցին ՀՀ Սահմանադրությունում: Բայց ցավալի իրողություն է այն, որ առայժմ անհատի իրավունքները մեզանում պաշտպանված չեն, եւ մայր Օրենքում դրա ամրագրումը կրում է սոսկ ձեւական բնույթ: Քաղաքացիական հասարակության կայացման կարեւորագույն պայմաններից մեկը թերեւս տվյալ պետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական վիճակով է պայմանավորված, ինչը, ցավոք, մեզանում անբավարար վիճակում է: Հայրենի բանտախցերում քաղբանտարկյալների առկայությունը մարդու իրավունքների փաստացի գնահատականն է Հայաստանում, ինչը նաեւ մեր պետության ամոթն է ու ժողովրդավարության կայացման գլխավոր խոչընդոտներից մեկը:

«Ժառանգությունը» համոզմունք է հայտնում, որ Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում իրական ժողովրդավարության հաստատումը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը այլընտրանք չունեն, եւ իր բոլոր հնարավորություններով նպաստելու է մեր հայրենիքում Մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության կայացմանը»: