Գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Արեւմտյան Հայաստան, գոյություն ունի հայ ազգ եւ այդ ազգի ներկայացուցիչները պետք է ապրեն մեկ միասնական հայրենիքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախյան պատերազմի մասնակից Արկադի Կարապետյանը (Ագո)՝ անդրադառնալով ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի 19-րդ ամյակին:
«Ինչ որ մեզ Աստված տվել է՝ դա մեր հայրենինքն է եւ այդ հայրենիքում պետք է մեկ պետություն լինի: Մենք իրավունք չունենք մնացած ազգերի պես կիսվել ու միմյանցից անջատ ապրել: Եւ չնայած Ղարաբաղը, որպես պետություն, այժմ իրողություն է, սակայն ուզում եմ, որ Հայաստանն ու Ղարաբաղը միացած լինեն մեկ պետության մեջ»,-ասաց նա:
Ազատամարտիկը նշեց նաեւ, որ Սահմանադրական հանրաքվեն անցած 19 տարիների ընթացքում ԼՂՀ ամենակարեւոր ձեռքբերումն է, իսկ մնացածը էվոլյուցիոն զարգացման հետեւանք են:
Հարցին, թե ո՞րն է ռազմական ագրեսիան, որի դեպքում, ինչպես Աստանայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց, Կարապետյանը պատասխանեց, որ «ռազմական ագրեսիան» լայն հասկացություն է. «Մի քիչ առաջ գալն էլ է ագրեսիա, պատերազմական լայնամաստաբ գործողություններն էլ: Չգիտեմ, թե ինքն ի՞նչ նկատի ունի: Իրավիճակային քայլերը ձեռք չեն տալիս: Հո մենք ֆուտբոլ չե՞նք խաղում, ի վերջո, ազգի ճակատագիր է լուծվում»: Նա նաեւ հավելեց, թե ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, թե ՀՀ նախագահն ինչ է ասել այս կամ այն վայրում եւ ուր է գնացել կամ չի գնացել: Կարեւորն, ըստ Կարապետյանի, այն է, որ պետությունը չշեղվի այն ճանապարհից, որով գնում է:





























