20 տարիների ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը դարձել է «ԻՆԳՈ» խմբի անփոխարինելի անդամը: Այդ մասին լրագրողներին ասաց ռուսական «Ինգոսստրախ» ընկերության վարչության նախագահ ու գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովը, որը եկել է Երեւան` գործընկերների հետ տոնելու այս հոբելյանը:
Թեեւ Հայաստանի շուկան իր ծավալներով չի կարող համեմատվել շատ այլ երկրների հետ, սակայն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն որակական մեծ ներդրում է բերում ողջ «Ինգո» խմբին: «Թվային տեխնոլոգիաներում նրանք կիրառել են այնպիսի նորամուծություններ, ինչպիսիք անգամ մենք դեռ չունենք: Այդ փորձը մենք անպայման ի գիտություն կընդունենք», - ընդգծեց Վոլկովը:
Հայաստանյան փորձը հաջողությամբ փոխանցվում է այլ երկրներին, հավելեց «Ինգոսստրախ»-ի փոխտնօրեն Տատյանա Կայգորոդովան: «Մեր խմբում չկա այնպիսի ընկերություն, որի մասնագետներն այցելած չլինեին Հայաստան` փորձի ուսումնասիրության: Օրինակ` Հայաստանի փորձը շատ օգտակար է մեզ` Ղրղզստանում ԱՊՊԱ-ի ներդրմանը պատրաստվելու համար:
Իսկ հոկտեմբերի 1-ից «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն մտնում է պարտադիր բժշկական ապահովագրության ոլորտ, որտեղ կկիրառի թե` սեփական, թե` ռուսաստանյան հարուստ փորձը: Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի մոդելում ապահովագրավճարը շատ ավելի ռիսկային է, քան ռուսականում: Բայց մենք տեսնում ենք, որ մեր գործընկերներն ի զորու են կառավարել այդ ռիսկերը», - հավելեց Կայգորոդովան:
Ինչպես նշեց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գլխավոր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը՝ ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ մի շարք ապահովագրական պոլիսներ է վաճառում առցանց. հունվարից` ԱՊՊԱ-ի, օգոստոսից` տուրիստական:
Հետագայում նույն եղանակով նախատեսվում է առաջարկել կամավոր ավտո- եւ բժշկական ապահովագրություն: Վերջինիս մեջ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներգրավել շուրջ 100,000 ֆիզիկական անձ:
«Ինգո» ապահովագրական խմբում մեծ ուշադրություն են հատկացնում նաեւ կիբերանվտանգության ապահովագրությանը: Ֆինանսական սեկտորում այդ ռիսկերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, եւ պետք է մտածել, թե ինչպես պաշտպանել հաճախորդների անվտանգությունն ու տվյալների պահպանությունը», - նշեց Միխայիլ Վոլկովը:
«Ինգոսստրախի» ղեկավարությունը հանդիպել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել ընթացիկ ու նոր ծրագրեր, այդ թվում` գյուղատնտեսական ու կյանքի ապահովագրության հեռանկարները:
«Բացառված չէ, որ մենք լրացուցիչ քննարկումներ կանցկացնենք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կապիտալը համալրելու եւ կյանքի ապահովագրության շուկա մուտք գործելու մասին», - նշեց Տատյանա Կայգորոդովան:




























