Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով Իսպանիայի կառավարության հետ փչացած հարաբերությունները վերականգնելու համար երրորդ կողմ է անհրաժեշտ։ Այս մասին ասել է Կատալոնիայի ինքնավար շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, փոխանցում է AFP-ն։

«Մենք պետք է հստակ հայտարարենք, որ անհրաժեշտ է միջնորդություն ցանկացած սցենարի դեպքում՝ լինի պատասխանը այո, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ դերին համապատասխանում է Եվրամիությունը։

«Նա, ով կստանձնի միջնորդության պատասխանատվությունը, կարող է հույս ունենալ, որ կատալոնական կողմը պատրաստ է մասնակցել երկխոսությանը, ուստի Եվրամիության կողմից ուշադրությունն ու հետաքրքրությունը տրամաբանական  է թվում»,- ասել է նա։

Պուչդեմոնը նաեւ նշել է, որ տարածաշրջանի կառավարությունը չի հրաժարվի հանրաքվե անցկացնելու մտադրությունից։