«Էկոլուրը» տեղեկացնում է, որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության կառուցած ապօրինի փոքր ՀԷԿ-ի ապամոնտաժման ուղղությամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում: Ընդամենը հեռացրել են մետաղական խողովակները, որոնցով գետը պետք է հոսեր Վայոց Ձոր:
Նշենք, որ ապամոնտաժման եւ տարածքը վերականգնելու ժամկետը, որը հստակեցվել էր մարզպետի` ընկերությանն ուղղված հանձնարարական նամակով, լրացել է դեռ նոյեմբերի 19-ին:
«S.O.S. Արգիճի» խմբի ակտիվիստ Վարդան Գալստյանը գործողությունների ձգձգման հիմնական պատճառը տեսնում է նրանում, որ կառավարության եւ պետական այլ կառույցների ճնշում է օլիգարխների մի խումբ, որի մատը խառն է այդ կառուցապատման գործում:
«Սեւանա լճի էկոհամակարգը պահպանելու իր հիմնական գործառույթը կատարելու փոխարեն՝ բնապահպանության նախարարությունը խնդիրն այնպես ներկայացրեց, որ դա ուղղակի Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի համայնքերի միջեւ ջրի վեճ է: Այդ կերպ վարվեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Իսկ ու՞ր է Սեւանը, նրա մասին մոռացե՞լ են»,- ասաց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ նախարարությունը չի գնահատել անօրինական կառուցապատմամբ Սեւանա լճի ջրահավաք ավազանին հասցված վնասը, թեպետ նախարարությանը ներկայացվել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ Գայլաձորի ջրահավաք ավազանը խախտվել է խրամուղի անցկացման աշխատանքների արդյունքում: Տարածքում արդեն սկսվել են սողանքային գործընթացներ, իսկ ստորգետնյա ջրային աղբյուրները գետի փոխարեն լցվում են խրամուղի մեջ:
«Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Վրույր Մալխասյանն էլ ասաց. «Ստացվում է, որ նախարարությունը չկարողացավ, կամ էլ չցանկացավ կատարել վարչապետի հանձնարարականը: Գեղարքունիքի մարզպետարանը, չտիրապետելով համապատասխան մեխանիզմների, միայն նեղ գործառույթ կատարեց, այսինքն` տուգանեց ընկերությանը շինարարության թույլտվության բացակայության համար եւ հանձնարարական նամակ գրեց: Հարցը մնաց հենց այդ մակարդակում»:
Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքը նույնպես ոգեւորված չէ «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության գործողություններից: Աղնջաձորի բնակիչները մտահոգված են, որ եթե նախագծին կանաչ լույս տան, ապա ջուրը խողովակներով կուղղեն դեպի այլ երկիր, իսկ նրանք ընդհանրապես առանց ջուր կմնան:
Այս մասին լուրերը նոր չեն: Դեռեւս 30-ական թվականների վերջերին սկսվեց մշակվել Նախիջեւանի ԱՍՍՀ-ին (Ադրբեջանի ՍՍՀ) Գայլաձորից խմելու ջուր մատակարարելու նախագիծը: Ջրագիծը պետք է անցներ Խաչիկ գյուղի միջով մինչեւ Սադար գյուղ (անվանումը, հնարավոր է, ներկայումս փոխվել է): Հայրենական մեծ պատերազմի սկսմամբ նախագիծը կանգնեցվեց:
«Կշեռքի մի նժարին թանկարժեք ջուրն է, Սեւանը եւ 30 հազար բնակիչները, մյուսին` մասնավոր շահը: Մենք արդեն ցույց ենք տվել մեր վերաբերմունքն այս հարցի կապակցությամբ: Ցույց ենք տվել, որ կանգնած ենք մեր հողի, մեր ջրի համար: Մնում է, որ իրենց վերաբերմունքը ներկայացնեն իշխանությունները»,- ասում են տեղի բնակիչները:




























