2008թ. մարտի 1-ի իրական հանգամանքները կպարզվեն միայն իշխանափոխությունից հետո: Այդ մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

ՆԺԿ նախագահը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրողԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը, նշեց, որ թեեւ երկու ամիս բացակայում էր Հայաստանից, սակայն քաջատեղյակ է ողջ նյութին:

«Հանձնաժողովը դեռ չի տվել մի քանի կարեւորագույն հարցի պատասխան.

ա) ո՞վ է հրաման արձակել կրակել մարդկանց վրա.

բ) գործե՞լ է արդյոք Քոչարյանի մոտ ֆորմալ կամ ոչ ֆորմալ շտաբ,

գ) ովքե՞ր են եղել շտաբի անդամները.

դ) եղե՞լ են արդյոք օլիգարխների կողմից կազմված ապօրինի ջոկատներ»,- նշեց Կարապետյանը՝ նկատելով, որ մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող լուծարված փաստահավաք խմբի վերջին զեկույցից հետո ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պարտավոր էր հրավիրել եւ հարցաքննել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին: «Մեզ ասացին, որ շարքը պատրաստ է եւ հերթով հրավիրելու են, բայց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գալուց հետո հրահանգ է իջեցվել Նիկոյանին, որ ոչ մեկին չհրավիրեն»,- նշեց Կարապետյանը:

Վերջինս նաեւ նշեց, որ ուրախ է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, իր համար պարզել է իրողությունները, բայց ժամանակավոր հանձնաժողովի՝ սեպտեմբերի 15-ին սպասվող զեկույցի մասին իր դիտարկումները եւ իր տեղեկությունները կհայտնի զեկույցի հրապարակումից հետո միայն: Այդուհանդերձ, ըստ Կարապետյանի, մարտի 1-ի իրական հանգամանքները կպարզվեն միայն իշխանափոխությունից հետո: