Բուդապեշտը կշարունակի Կիեւից պահանջել չեղարկել կրթության մասին օրենքը, եւ եթե դա տեղի չունենա, ԵՄ–ից պատժամիջոցներ կպահանջի Ուկրաինայի դեմ։ Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Նախարարը նշել է, որ արտասահմանում ապրող հունգարացիների ճակատագիրը Բուդապեշտի համար սակարկության առարկա չէ։ «Մենք կպայքարենք մինչեւ վերջ, որպեսզի Ուկրաինան չեղարկի այդ օրենքը։ Այս գործում փոխզիջում լինել չի կարող»,– ասել է Սիյարտոն։
Նա «ցինիկ հեքիաթ» է անվանել այդ փաստարկը, թե օրենքն անհրաժեշտ է, քանի որ անդրկարպատյան հունգարացիները չեն տիրապետում ուկրաիներենին։
Նրա խոսքով՝ ոչ մի ընդհանուր բան չկա մայրենի լեզվով ուսուցման ու ուկրաիներենի իմացության մեջ։ Ուկրաիներեն կարելի է սովորել նաեւ եթե հունգարերեն կրթություն ես ստանում, ասել է նախարարը։




























