Հայաստանի կենտրոնական բանկն սկսել է նախատոնական շրջանին բնորոշ դրամի էմիսիան, որն արտահայտվում է փողի բազայի աճով։
Փողի բազան դեկտեմբերի 10-ին կազմել է 488 մլրդ դրամ (մոտ 1,35 մլրդ դոլար)՝ 1 ամսվա ընթացքում աճելով 7,2 տոկոսով։ Ընդ որում՝ հիմնական աճը սկսել է դեկտեմբերի 8-ից հետո։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից:
Փողի բազայի մոտ 70 տոկոսը կանխիկ դրամն է, որը նույնպես սկսել է ցատկային թռիչքներ կատարել։ Դեկտեմբերի 3-ից կանխիկ դրամը միջին հաշվով օրական ավելացել է 3-4 մլրդ-ով (8-11 մլն դոլար)։ Դեկտեմբերի 10-ին ԿԲ-ից դուրս կար 331 մլրդ կանխիկ դրամ (մոտ 920 մլն դոլար), դեկտեմբերի 1-ի 314,5 մլրդ-ի (870 մլն դոլար) համեմատ։
Փողի բազայի աճը նախատոնական շրջանում սովորական բան է Հայաստանում։ Մեկ ամսվա ընթացքում կարող է տեղի ունանալ 20-30 տոկոս աճ։ Դա թողնում է եւ բացասական, եւ դրական հետեւանքներ։
Դրականն այն է, որ դեկտեմբերին տնտեսական շրջանառությունը կտրուկ ընդլայնվում է, իսկ լրացուցիչ էմիսիան թույլ է տալիս խուսափել տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների միջեւ խզումից։
Սակայն չափից ավելի մեծ էմիսիան հանգեցնում է նախատոնական գնաճի, ինչին Հայաստանում բոլորս ականատես ենք արդեն բավական երկար ժամանակ։ Ընդ որում՝ հատկապես դեկտեմբերի վերջին տասնօրյակում տեղի ունեցող կտրուկ էմիսիան չունի լուրջ տնտեսական մոտիվներ, այն առավելապես ուղղված է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի եւ պարգեւատրումների վճարմանը։
Այսպիսով՝ նախատոնական բարձր գնաճը, որից հատկապես տուժում են ցածր եկամուտ ունեցող խավերը, իրականում ԿԲ-ի անպատասխանատու քաղաքականության հետեւանք է։
Սամվել Ավագյան




























