ՀՀ Ոստիկանությունը «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» կիրառման վերլուծությունը նպատակահարմար չի համարում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՀՔԱՎ-ի հաղորդագրությունում ասվում է.
«ՀՀ Ոստիկանությունը մինչ ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունները մշակեց եւ հանրային քննարկման ներկայացրեց «Ընտրությունների ժամանակ ոստիկանության ուղեցույցի» նախագիծ, որով սահմանվում են ընտրատեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների լիազորություններն ու պարտականությունները:
ՀՀ Ոստիկանության նախաձեռնությամբ 2017 թ. փետրվարի 2-ին կազմակերպված հանրային քննարկման ժամանակ Ուղեցույցի նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին քաղհասարակության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Ուղեցույցն ավելի ուշ հաստատվեց եւ կիրառվեց ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ:
Հաստատված Ուղեցույցի համաձայն` ոստիկանները ընտրությունների եւ քվեարկության ժամանակ արձանագրված խախտումները պետք է գրառեին իրենց «Ծառայողական գրքույկներում»: Ուղեցույցը սահմանում էր նաեւ ոստիկանների գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու մեխանիզմ, որի նպատակով ՀՀ Ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվեց օպերատիվ շտաբ:
Երկու ընտրություններից անցել է արդեն չորս ամիս, այդ ընթացքում տեղի են ունեցել նաեւ տեղական ընտրություններ, սակայն ՀՀ Ոստիկանությունը չի անդրադարձել իր իսկ կողմից հաստատված Ուղեցույցի կիրառման ընթացքում բացահայտված կամ արձանագրված թերություններին: Գուցե Ուղեցույցը արդյունավետ փաստաթուղթ է, եւ որեւէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: Սակայն նույնիսկ այս կտրվածքով որեւէ գնահատական տրված չէ ՀՀ Ոստիկանության կողմից:
Այն նախաձեռնողականությունը, որին ականատես եղանք մինչ Ազգային ժողովի ընտրությունները՝ Ուղեցույցի մշակման, նրա նախագծի հանրային քննարկման ժամանակ, չենք տեսնում հետընտրական ժամանակահատվածում:
ՀՀ Ոստիկանությունը ոչ միայն ոստիկանների՝ Ուղեցույցով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ որեւէ տեղեկություն չի հրապարակել, այլեւ չի փորձել Ուղեցույցի կիրառման, դրա արդյունավետության վերաբերյալ արձագանքներ ստանալ քաղաքացիական հասարակությունից:
Պարզ չէ՝ որեւէ վերլուծություն կատարվել է, թե ոչ, եւ արդյոք գնահատվել է Ուղեցույցի կիրառման ընթացքը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հուլիսի 10-ին նշված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմեց ՀՀ Ոստիկանություն: Տեղեկատվական հարցմամբ ակնկալում էինք ստանալ Ուղեցույցի կիրառման վերաբերյալ իրականացված վերլուծության, «Ծառայողական գրքույկներում» գրառված խախտումների բնույթի, տեսակի, նրանց ուղղությամբ ոստիկանների իրականացված գործողությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»:


























