Բյուջե 2011-ի վերաբերյալ իշխանական շրջանակների քննարկումները հիշեցնում են Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի երկարության վերաբերյալ քննարկումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: «Հայտարարվում է, որ ռեկորդ են սահմանել, բյուջեն անցավ մեկ տրիլիոնից, լավ ա չասացին, որ «Գինեսի գրքում» են գրելու, ինչպես որ տոնածառը երկու մետրով ավել է նախորդ տարվա տոնածառից», -պատկերավոր համեմատություն արեց Խաչատրյանը: Նա նշեց, որ պատգամավորների կողմից լուրջ վերաբերմունք չկա ֆինանսական գլխավոր փաստաթղթի նկատմամբ, եւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բյուջեն ընդունվել է 80 կողմ ձայնով:
«Միգուցե դա պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքով՝ բացականեր են եղել, միգուցե եղել են մարդիկ, ովքեր հասկացել են, որ այդ բյուջեն մեզ 2011 թվականին ոչ մի բան չի տալու»,-նկատեց Խաչատրյանը: Նա նշեց, որ ՀԱԿ-ի եւ իր համար բյուջե-2011-ի ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այդ փաստաթղթում երաշխիք չի տրվում, որ մեր կյանքը լավանալու է կամ վատանալու է:
«Այն արատավոր քաղաքականությունը, որը եղել է վերջին տարիներին, շարունակվելու է: Ոչինչ չի փոխվի, գները կաճեն: Հայաստանը հերթական անգամ կհայտարարի, որ իր տնտեսությունը դիվերսիֆիկացնում է, տնտեսության ժամանակակից ուղղություններ կզարգացնեն, իսկ տարվա վերջում կհայտարարեն, որ ոչինչ չունենք: Ատոմակայան պիտի կառուցենք, պարզվում է գումար չունենք, Հարավ-Հյուսիս երկաթգիծ պիտի կառուցենք, պարզվում է՝ գումարները չկան»,-նշեց նա: ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ հավելեց, որ ոչ ոք ԱԺ-ում չի բարձրաձայնում այս հարցերի մասին եւ համաձայնեց այն կանխատեսմանը, թե 2011 թվականի բյուջեն գնում է դեպի դեֆոլտ:
Բանավեճին ներկա Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց, թե բյուջեն ԱԺ-ում քննարկվել է «ֆորմալ տեսանկյունից» եւ առաջարկեց չքննադատել այդ փաստաթուղթը: «Այդ փաստաթղթով 15 տոկոս հատկացվել է սոցիալական ծախսերին, եւ այդ պատճառով էլ այն կոչվում է սոցիալական»,-հայտարարեց նա:





























