Ցորենի համաշխարհային գներն անցյալ շաբաթ, բացի Չիկագոյի բորսայից, հիմնականում բարձրացել են։

Այսպես՝ Չիկագոյի բորսայում ցորենի մեկ տոննայի գինը շաբաթվա վերջում կազմել է 270,24 դոլար 1 տոննայի դիմաց՝ մոտ 1 դոլարով պակաս, քան շաբաթվա սկզբում։ Ամերիկյան մյուս բորսաներում (Կանզաս Սիթի, Մինեապոլիս), ուր վաճառվում են ավելի բարձրորակ սորտի ցորեն, գները բարձրացել են եւ գերազանցում են 300 դոլարը 1 տոննայի դիմաց։

Հացահատիկի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ Մեծ լճերի շրջանում փափուկ ցորենի սորտերը շաբաթվա վերջում առաջարկվել են 313,8 դոլար/տոննա արժեքով, շաբաթվա սկզբի 300 դոլարի համեմատ։

Փարիզի բորսայում, որը Եվրոպայի խոշորագույն ցորենի բորսան է եւ աշխարհում զիջում է միայն Չիկագոյի բորսային, ցորենի տոննայի գինը բարձրացել է 235 եվրոյից մինչեւ 242 եվրո։

Ցորենի գների աճը հիմնականում պայմանավորված է պարենի մյուս շուկաներում ստեղծված մտահոգիչ իրավիճակով։