Օրերս Թուրքիայում գտնվող պատմական հայկական Տայք նահանգ են ժամանել 80 վրացի արվեստագետներ: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի թաոբա» թերթը, նրանք մեկնել են Թուրքիա. «պատմական արմատներին ծանոթանալու համար»: Այցելության ընթացքում վրացի մշակույթի գործիչները ծանոթացել են նաեւ պատմական հայկական հուշարձանների հետ, այդ թվում նաեւ «Օշկի» վանքի եւ Իշխան գյուղի տաճարի հետ, որոնց վրա ի դեպ կան վրացերենով արձանագրություններ: Երկար ժամանակ է հայկական պատմական այդ հուշարձանները վրացիները հայտարարում են իրենցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի նախագահ Սամվել Կարապետյանը, ով փորձեց պարզաբանումներ տալ:

Նա ասում է, որ Վրաստանի հավակնությունները Թուրքիայում գտնվող հայկական քաղկեդոնական եկեղեցիների նկատմամբ դրսեւորվել են դեռեւս խորհրդային տարիներից սկսած: Ըստ Կարապետյանի՝ բացի նրանից, որ հարեւան երկրի ներկայացուցիչները նման հավակնություններ ունեն, նրանք նաեւ ահռելի քարոզչական աշխատանք են տանում նաեւ այդ ուղղությամբ:

Այնուամենայնիվ հուշարձանագետը հավելում է, որ այս հավակնությունները անհիմն չեն, քանի որ հայկական քաղկեդոնական եկեղեցիները ժամանակին տարալուծվել են վրացական թեմի մեջ եւ 13-րդ դարի եկեղեցական շատ արձանագրություններ եղել են նաեւ վրացերեն: Սակայն նա հավաստում է, որ վրացերեն այդ արձանագրություններում այնպիսի սխալներ կան, որ որեւէ վրացի թույլ չէր տա, ինչը նշանակում է, որ գրությունների հեղինակները ոչ թե վրացիներ, այլ քաղկեդոնացի հայեր են եղել:

Սամվել Կարապետյանը կարծում է, որ այս հարցը ճիշտ ժամանակին չի բարձրացվել, քանի որ ներկայումս ավելի մեծ կարեւորություն ունեցող խնդիրներ կան՝ հայկական հուշարձանների հետ կապված :

«Այս ալիքը, որ ստեղծվել է, իրապես այսօրվա բան չէ: Օր ու գիշեր վրացիները ազգային հողի վրա աշխատանքներ են տանում, մենք իրավունք չունենք վրդովվելու, մենք բացակա ենք բոլոր ազգային խնդիրներում»- ասում է Սամվել Կարապետյանը :

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումից եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծվելուց հետո հայերը կկարողանան բարձրացնել նման հարցեր, Սամվել Կարապետյանը ասաց.

"Եթե հայերը իրենց մասին լուր ունենան, կարող են բարձրացնել, բայց մենք մեր հող ու ջրից խորթացել ենք, մենք մեր հայրենիքից լուր չունենք, հայ մշակույթը եւ ներկայիս հայ երիտասարդությունը անդուդի տարբեր կողմերում են կանգնած: Ահավոր վիճակում ենք մենք: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի: