Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադային առաջարկել է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիության մասով։ Համապատասխան օրինագիծը գրանցվել է Ռադայում, փոխանցում է «112.ua»–ն։

Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել Սահմանադրության 80-րդ հոդվածում, սակայն փաստաթղթի տեքստը դեռեւս չի հրապարակվել խորհրդարանի կայքում։

Նշենք, որ Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորներին անձեռնմխելիություն է երաշխավորվում։ Նրանք իրավաբանական պատասխանատվություն չեն կրում քվեարկության արդյունքների կամ խորհրդարանում իրենց ելույթների համար, բացառությամբ վիրավորանքների եւ զրպարտանքի։

Ավելի  վաղ Գերագույն Ռադայում գրանցվել էր օրինագիծը, որը թույլ էր տալիս պատգամավորներին պատասխանատվության ենթարկել, ձերբակալել կամ կալանավորել։ Միաժամանակ օրինագիծն առաջարկում է չեղարկել նորմը, որով պատգամավորները իրավաբանորեն պատասխանատվություն չեն կրում խորհրդարանում քվեարկության արդյունքների համար։