Հայաստանում գրանցված 130 հազ. ձեռնարկությունների 98 տոկոսը ներկայացնում է փոքր եւ միջին բիզնեսը։ Այսօր՝ դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում ներկայացնելով այս ցուցանիշը՝ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ այս ոլորտում բնավ էլ «փայլուն ցուցանիշներ» չունենք։ Այլապես՝ ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ փոքր բիզնեսում զբաղվածների թվաքանակը մոտ 200-250 հազար է (ընդհանուր զբաղվածների 20-25 տոկոսը), իսկ ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշիռը՝ մոտ 42 տոկոս։
Ըստ Գագիկ Մակարյանի՝ փոքր բիզնեսը չունի բարձր արտադրողականություն, որը մասամբ հետեւանք է օրենսդրությունից անտեղյակության եւ մենեջմենտի որակի։ Սակայն Փոքր բիզնեսի աջակցման կենտրոնի ղեկավար Սամվել Գեւորգյանը նույն ասուլիսում նշեց, որ մենեջմենտի ցածր որակը ոչ թե պատճառ է, այլ՝ հետեւանք։ Իրականում, ըստ Ս. Գեւորգյանի, պետության քաղաքականությունն է փոքր բիզնեսի դանդաղ զարգացման հիմնական պատճառը։ Նա հիշեցրեց McKinsey & Company ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիիկ Բարտոնի այն նախազգուշացումը, որ եթե Հայաստանը շարունակի դանդաղել, ապա կդառնա տարածաշրջանի «Մոխրոտիկը»։





























