«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ քննադատել է Կառավարության կողմից պարտադիր ավտոապահովագրություն մտցնելու նախաձեռնությունը: Հայտարարության մեջ ասվում է.
«Ինչպես հայտնի է, 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մասին» օրենքը: Հայաստանի` թվով 8 ապահովագրական ընկերություններ արդեն սկսել են ապահովագրական պայմանագրերի վաճառքը: Սակայն, ինչպես ԿԲ-ի կողմից հաստատված պոլիսների բավականին բարձր սակագներն ու պատահարների հետեւանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների բավականին ցածր լինելը, այնպես էլ գործող ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը անընդունելի են:
Նախ տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները` խախտելով շուկայական տնտեսության սկզբունքները, նոր օրենքով ապահովագրական ընկերություններին հնարավորություն չեն տվել պոլիսների ֆիքսված գներից ցածր սակագներ սահմանել, ինչը փաստացիորեն բացառելու է ապահովագրողների մրցակցությունը եւ դրանից բխող` ապահովագրության սակագների նվազեցումը: Ակնհայտ է, որ դա արված է մի քանի ընկերությունների համար գերշահույթ ապահովելու նպատակով` ի հաշիվ շարքային քաղաքացիների սուղ միջոցների:
Բացի այդ, բացարձակապես ընդունելի է, որ իշխանությունները փորձում են երկրում ԱՊՊԱ-ի գործընթացը իրականացնել ընդհամենը մի քանի ամսում, որի հետեւանքով ավտովարորդները, որոնց մեծ մասը ձմեռնամուտին արդեն իսկ ծանրաբեռնված են կենսական, օրախնդիր ծախսերով, ստիպված են կատարել շուրջ 30-ից 50 հազար դրամի չնախատեսված հավելյալ ծախսեր, որի հնարավորությունն, ի դեպ, մեր քաղաքացիներից շատերը պարզապես չունեն:
«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին եւ հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը եւ ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ:
«Ժառանգություն» կուսակցությունը այս տարվա դեկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին կազմակերպում է բողոքի ավտոերթեր Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում` պարտադիր ավտոապահովագրման շուրջ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ: Երեւանում ավտոերթը սկիզբ կառնի «Հրազդան» մարզադաշտին հարող Բրազիլիայի հրապարակից եւ պտտվելով քաղաքի կենտրոնի շուրջ կավարտվի Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի առջեւ, որի մասին իրազեկումն արդեն ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան»:





























