Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Երեւանի կոնյակի գործարանը հերթական ֆինանսական տարին փակել է 14 տոկոս (17 միլիարդ դրամ) շահույթով: Այդ մասին սեպտեմբերի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Նրա խոսքերով, գործարանին, ինչպես եւ անցած տարի, հաջողվել է պահպանել 4 միլիոն լիտր արտադրելու ցուցանիշը: Ինչպես նշեց գործադիր տնօրենը, վերոնշյալը հաշվի առնելով, շահույթը առաջին հերթին ապահովվել է արտարժույթի փոխարժեքի փոփոխության պատճառով: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ընկերությանը չի հաջողվել հասնել հավակնոտ ցուցանիշներին, այսինքն, 18-տոկոսանոց աճին: Ավելին, 2009-2010 ֆինանսական տարվա առաջին ամիսների արդյունքներով՝ ընկերությունում 50 տոկոսանոց անկում է գրանցվել:

Գրիգորյանն ընդգծեց, որ այդ ցուցանիշները վկայում են, որ 2009-2010 ֆինանսական տարում կլինեն որոշակի, ճգնաժամով պայմանավորված դժվարություններ, սակայն ԵԿԳ-ն բոլոր ջանքերը կգործադրի դրանք հաղթահարելու ուղղությամբ: Գրիգորյանի խոսքով՝ դժվարությունները առաջին հերթին կապված են ռուսական շուկայի իրավիճակի հետ, որը արտադրանքի իրացման հիմնական ասպարեզն է:

ԵԿԳ գործադիր տնօրենը նշեց, որ այսօր ընկերության առջեւ խնդիր է դրված իրացման նոր շուկաներ յուրացնել, օրինակ կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, անգամ՝ Աֆրիկայում: Գրիգորյանը շեշտեց, որ, ցավոք, ճգնաժամի պայմաններում ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, եւ միայն մնում է հուսալ, որ տարեվերջին, տոների նախօրեին ռուսաստանցի սպառողը չի փոխի իր սովորույթը, եւ վաճառքի ծավալները կհասնեն անցած տարվա ցուցանիշին: