Հայաստանի բնապահպանները ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում են արգելել «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը Սեւանի ավազանում: Ինչպես հայտնում է «Էկոլուր»-ը, Բնապահպանության  նախարարությանն ուղղված դիմումում գրված է.
«Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է Սեւանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության նախագիծ: Նախագծի հասարակական լսումները տեղի ունեցան դեկտեմբերի 1-ին՝ Շորժա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ):

Նշենք, որ ընկերությունն արդեն փորձաքննությանը ներկայացրել է նմանատիպ նախագիծ, որը մերժվել է, քանի որ խախտում էր  «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որով Սեւանի ավազանում արգելվում է լեռնահանքային վերամշակման գործունեությունը: Նոր նախագծում, ըստ էության, ոչինչ չի փոխվել, միայն «վերամշակում» բառի փոխարեն հայտնվել է «արտադրություն» բառը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ արտադրությունն ուղղակիորեն ազդում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա:

1. Քրոմիտների մանրացումը եւ գրավիտացիոն տեսակավորումը, որով զբաղվում է «Գեգամետ պլյուս» ընկերությունը, հանքանյութի վերամշակման արտադրական փուլի մասն  է, եւ պետք է դիտարկվի հենց այս տեսանկյունից:

2. Մանրացված քրոմիտները վտանգ են ներկայացնում Սեւանի ջրահավաք ավազանի համար, քանի որ քրոմը պատկանում է տոքսիկության առաջին դասի տարրերի շարքին: Արտադրության արդյունքում քրոմիտի փոշին նստում է Սեւանի ավազանի տարածքում, քամու հետ տարածվում է լճի վրա, կուտակվում էկոհամակարգի տարրերում՝ խախտելով այդ տարրերի կենսական ցիկլները:

3.   Հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Սեւանա լճի լանդշաֆտը:

4. Խախտվում են հիմնական օրենքների դրույթները, մասնավորապես՝ «Սեւանա լճի մասին», «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ ջրային օրենսգիրքը, ինչպես նաեւ միջազգային կոնվենցիաներ`  «Կենսաբազմազանության պահպանման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան եւ Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիան:

Լսումների անցկացումն իմիտացիոն բնույթ էր կրում, քանի որ լսումներին չէին մասնակցում գլխավոր շահագրգիռ կողմերը` «Սեւան» ազգային պարկը եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը:

«Սեւան» ազգային պարկը հրաժարվել է մասնակցել հասարակական լսումներին: Մեր կարծիքով՝ ազգային պարկի գործունեությունը պետք է իրականացվի ոչ միայն պարկի տարածքում, այլեւ բուֆերային գոտում:

Բնապահպանական պետական տեսչության պարտադիր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ «Գեգամետ պլյուս» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացության բացակայության պայմաններում, այսինքն` անօրինաբար արդեն կառուցել եւ շահագործում է տվյալ արտադրությունը, ինչի մասին վկայում է հասարակական լսումներին արտադրության աշխատակիցների մասնակցությունը, ովքեր եւ հանդես են եկել ընկերության օգտին:  

Մենք ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք անվավեր ճանաչել անցկացված հասարակական լսումները, հաշվի առնելով Սեւանա լճի ազգային եւ ռազմավարական առաջնահերթությունը, ինչն արտացոլված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում, բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացնել «Գեգամետ պլյուս» ընկերության շտապ ստուգում եւ արգելել ապօրինի գործունեությունը Սեւանի ավազանում, անցկացնել նոր հասարակական լսումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ»:  

«ԷկոԼուր»-ի դիմումին միացել են՝

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանը, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը, «Իկոմոս» ՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Սուխուդյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Տապան» էկո-ակումբ ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը, «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը: