Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի բացմանը ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինն իր զեկույցում հստակ արտահայտեց արտասահմանյան կուսակցությունների եւ քաղաքական կազմակերպությունների հետ փոխանակումն ամրապնդելու ձգտման մասին:

Ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կանոնավոր կապ է պահպանում ավելի քան 160 երկրների 400-ից ավելի քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ: Այս մասին հայտարարել է ՉԿԿ ԿԿ միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Հո Եչժոուն:

«Մեր կուսակցությունը նաեւ ավանդական բարեկամական կապ է պահպանում Կորեայի Աշխատավորական կուսակցության հետ: Ինչ մակարդակում եւ երբ տեղի կունենա փոխանակումը երկու կողմերն են որոշում»,- հայտարարել է նա:

Չինաստանի եւ Ճապոնիայի կուսակցությունների միջեւ կապերի վերաբերյալ հարցին Հո Եչժոուն պատասխանել է, որ ընթացիկ տարվա օգոստոսին  Ճապոնիայում անցկացվել է Չինաստանի եւ Ճապոնիայի իշխող կուսակցությունների միջեւ փոխանակման մեխանիզմների վերաբերյալ 6-րդ համաժողովը: Երկու կողմերն ընդարձակ երկխոսություն են  վարել եւ Չինաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների բարելավումն ու զարգացումը շարունակելու ցանկություն հայտնել: