Ռուսաստանի նախագահ Դմիտր Մեդվեդեւի՝ օգոստոսին պետական այցով Հայաստան ժամանելուց եւ Գյումրիի «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման տոնական արարողությանը մասնակցելուց հետո ամիսներ են անցել, սակայն նույն այդ հուշահամլիրի վերանորոգման վրա աշխատած որոշ շինարարներ մինչ օրս աշխավարձ չեն ստացել։ Փաստի մանրամասները ճշտելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց հուշահամալիրի շինարարական աշխատանքները հովանավորած «Պատվի գործ» հայ ռուսական հասարակական-բարեգործական կազմակերպության ֆինանսական տնօրեն  Նվեր Հովակիմյանի հետ։

Նրա խոսքով, գույները չարժե խտացնել, քանի որ աշխատավարձ չի ստացել «ընդամենը 4-5 բրիգադիր՝ իր ենթականերով»։ «Ներկայումս նրանց 12-13 մլն դրամի պարտք ունենք։ Մեր բոլոր պարտքերը մարել եւ շինարարներին աշխատավարձեր վճարել պատրաստվում ենք մինչեւ դեկտեմբերի 22-23-ը։ Պարզապես շինարարությունն իրականացվել է բարեգործական հիմունքներով, ոչ մի պետական ծրագիր չի եղել։ Հայկական կողմը շինարարությունն ընդհանրապես չի մասնակցել՝ չհաշված Ռուսաստանի հայ համայնքի որոշ աջակցությունը»,- ասաց Նվեր Հովակիմյանը։

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ շինարարների աշխատավարձերի վճարման հարցին հետամուտ է անձամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։