Ուկրաինան պետք է կատարի 4 հիմնական պայմաններ ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի արդյունավետ կիրառման համար, այդ թվում՝ ապահովի կառավարության եւ խորհրդարանի միջեւ խիստ համակարգում։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ասել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյուգ Մինգարելին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ–ը։
«Մեր փորձը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է 4 պայման կատարել Ասոցացման համաձայնագիրն արդյունավետ կերպով կիրառելու համար։ Առաջին՝ պետք է ապահովել Ասոցացման համաձայնագրի կիրառման հետ կապ ունեցող տարբեր նախարարությունների միջեւ ուժեղ համակարգում։ Դա նշանակում է, որ փոխվարչապետն ու եվրոպական ինտեգրացիայի հարցերով կառավարական գրասենյակը պետք է իրական հնարավորություն ստանան նման աշխատանքի համակարգման համար»,– ասել է նա։
«Երկրորդ՝ սկզբնական փուլերում պետք է գործարկել խորհրդարանը։ «Դա նշանակում է, որ ամեն տարի կառավարությունն ու Գերագույն ռադան պետք է համատեղ սահմանեն գերակա միջոցառումների պլանը եւ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ կառավարությունը պետք է հստակ սահմանի այն առաջնային միջոցները, որոնք պետք է մտցվեն խորհրդարանում։
Երրորդ՝ պետք է կանոնավոր հանդիպումներ ընթանան բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ՝ կառավարության, պրոֆիլային նախարարությունների, Գերագույն ռադայի համապատասխան հանձնաժողովների։
Չորրորդ՝ անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցություն ապահովել Ասոցացման համաձայնագրի նկատմամբ, որը կարող էր յուրաքանչյուր ուկրաինացու բացատրել, թե ինչ առավելություններ ունի եվրոպական ինտեգրացիան»,– պարզաբանել է Մինգարելին։




























