Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը երկրում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման եւ աշխարհում աճող հեղինակության վրա:
Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետեւողական ամրապնդմանը եւ խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի եւ փոխանակումների շարունակական ակտիվացումը, ինչպես նաեւ արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր բարեկամ երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից:
Ուզում եմ նաեւ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը դիտում է իր առաջնահերթ միջազգային գործընկերների շարքում, որի հետ փոխգործակցությունն ուղղված է փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա հիմնված հայ-չինական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացմանն ու խորացմանը:
Պատրաստ ենք նաեւ հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների եւ ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը եւ բարօրությունը:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջկուսակցական, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների եւ միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանց մակարդակն ավելի բարձրացնելու նպատակով»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:




























