Հայերենը  հետաքրքիր է նրանով, որ այն իր մեջ է կլանել շատ լեզուների առանձնահատկություններ, քանի որ Հայաստանը միշտ եղել է մշակույթների խաչմերուկում: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանում կայացած հայ լեզվաբանության 11-րդ  միջազգային գիտաժողովի (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL) մասնակից, ռուսաստանցի հայտնի լեզվաբան-տիպաբան Վլադիմիր Պլունգյանը:

Նա նշել է, որ հայերենում ինչ-որ կերպ համադրվում են այս  բոլոր մշակույթները՝ եւ անտիկ, եւ Ասիայի եւ Եվրոպայի, եւ Պարսկաստանի եւ Ուրարտուի մշակույթները:

Լինելով հնդեվրոպական լեզու՝ հայերենն իր մեջ ներառել է նաեւ ասիական եւ կովկասյան լեզուների առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով, հայերենը շատ կարեւոր լեզու է լեզվաբանների համար, հավելել է Պլունգյանը:

Մյուս պատճառը, որով հայերենը շատ հետաքրքիր է ժամանակակից լեզվաբանության համար այն է, որ հայերենն ունի բազամադարյա չընդհատվող գրավոր պատմություն՝ սկսած մեր թվարկության 5-րդ դարից:

«Առաջին գրավոր հուշարձանները 5-րդ դարի են: Դա մեծ ժամանակահատված է, դա 1500 տարի չընդհատվող պատմություն է: Բանն այն է, որ լեզուն անընդհատ փոխվում է եւ լեզվի տեսության համար շատ կարեւոր է իմանալ, ինչպես է այն փոխվում: Իսկ դա հնարավոր է իմանալ, եթե մենք գիտենք ինչպիսին է եղել լեզուն հազար կամ երկու հազար տարի առաջ», - ասել է գիտնականը՝ հավելելով, որ այդքան երկար գրավոր պատմություն ունեցող ժամանակակից լեզուներ քիչ կան, հայերենը դրանցից մեկն է: Այն ուսումնասիրության համար լավ վիճակագրական նյութ է տալիս. հայերենով են գրվել շատ գրավոր հուշարձաններ, որոնցով կարելի է հետեւել լեզվի զարգացման դինամիկային:

Լեզվաբանի խոսքով՝ գրաբարի համեմատ ժամանակակից հայերենը շատ փոփոխությունների է ենթարկվել  եւ հենց այդ փոփոխությունները, դրանց օրինաչափություններն ուսումնասիրելով են զբաղվում գիտնականները:

Պլունգյանը կարծում է, որ թեեւ տարբեր երկրներում ուսումնասիրում են հայերենը, ամեն դեպքում այն բավարար չեն հետազոտում: Հատկապես ժամանակակից հայերենը, այլ ոչ թե գրաբարը:

«Կան ոչ քիչ  մասնագետներ, բայց իմ կարծիքով նրանք պետք է շատ լինեն եւ հայերենը աշխարհին պետք է ավելի հայտնի դառնա: Պետք է ավելի շատ քարոզել, հատկապես որ կա Սփյուռքը: Հայերենը որպես օտար լեզու՝ պետք է այսպիսի ուսուցման ծրագիր մշակել», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսասատանում այժմ նման փորձեր են կատարվում: Ֆրանսիայում դա միշտ են արել, բայց այդ բավական չէ:

Այս տարվա համաժողովը, նրա խոսքով, հավաքել էր բոլոր հայտնի հայագետ լեզվաբաններին:

«Այս տարի գրեթե բոլորն էին եկել՝ Քեմբրիջի համալսարանից Ջեյմս Քլաքսոնը, Ֆրանսիայից Անահիտ Տոնապետյանը՝ աշխարհի գլխավոր հայագետը», - ասել է նա:

Պլունգյանը նշել է, որ հայագետ լեզվաբանները բավական համախմբված հանրություն են եւ նրանք չորս տարին մեկ հավաքվում են, քանի որ ինչ-որ մի պահ հանդիպելու, միմյանց լսելու պահանջ է առաջանում:

«Դա այսպես ասած միջազգային հայագիտության ցուցափեղկն է», - ասել է նա:

Հայ լեզվաբանության 11-րդ  միջազգային գիտաժողովին  (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL), որը Երեւանում կայացավ հոկտեմբերի 2-ից 5-ը,  հավաքվել էին հայերենի ուսումնասիրման ոլորտի արտասահմանցի առաջավոր մասնագետները: