Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հեռահաղորդակցության ոլորտի Ucom ընկերության գլխավոր գրասենյակի բացումը Սայաթ նովա 40 հասցեում։ Ընկերությունը շվեդական Ericson ընկերության հետ համագործակցությամբ կառուցել է օպտիկամանրաթելային ցանց՝ առաջարկելով 3 տիպի ծառայություններ՝ լայնաշերտ ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ IP հեռուստատեսություն։

Ucom-ը Հայաստանի ամենարագ աճող ընկերություններից մեկն է։ Ստեղծվելով 2007-ին ու ունենալով մի քանի աշխատող, ներկայումս ստեղծել է 217 աշխատատեղ՝ մոտավորապես 180 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձով։ Ընկերության ծառայություններից արդեն օգտվում է 6000 բաժանորդ։

Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ իրենք դեռ օգտագործում են իրենց ինտերնետային սերվերի հնարավորությունների 2-3 տոկոսը, այդ պատճառով բաժանորդների թվի աճը ծառայության որակի վրա էական ազդեցություն առաջիկայում չի թողնի։

Գլխավոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Ericson ընկերության անունից հանդես եկավ տարածաշրջանային փոխտնօրեն Զոհրա Լայկովիչը, ասելով, որ Ucom-ը շուկայում հանդես է գալիս նորարարական առաջարկներով, որը հաջողությամբ զուգակցվում է Ericson-ի 130-ամյա փորձի հետ։