«Lotus Evleri» էլիտար բնակելի թաղամասի շինարարության ավարտից հետո Ստամբուլի հայ համայնքը մտել է անշարժ գույքի ոլորտ: Չորս տարի առաջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի օրհնությամբ սկսված շինարարությունն իրականացվել է Ստամբուլի հայ համայնքին պատկանող 45 հազար 500 քառակումի մետր հողատարածքում` Բոսֆորի ափին նայող բարձունքին, հաղորդում է «Hurriyet Daily News & Economic Review»-ն:
Հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու հիմնադրամը հողը կառուցվելիք բնակարանների մի մասի դիմաց փոխանցել էր շինարարական ընկերությանը: Շինարարությունն ավարտված է եւ շուտով 200 շքեղ բնակարանների տերերը կբնակեցնեն թաղամասը:
1973-ին Բոսֆորի կամրջի կառուցումից հետո այդ հողատարածքն անվտանգության նկատառումներով անցել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: 1996-ին հայկական հիմնադրամը դատական հայցով հետ պահանջեց հողը եւ դարձավ Թուրքիայի առաջին էթնիկ փոքրամասնության հիմանդրամը, որին հաջողվեց հաղթել պետությանը:




























