Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի մի աշխատակից վիրավորում է ստացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան քիչ առաջ մանկապարտեզի շենքից դուրս են հանել եւ տեղափոխում են հիվանդանոց: Թե ինչ վիրավորումներ են ստացել, դեռ պարզ չէ: Նախնական տեղեկություններով, վիրավորվածը պատանդ վերցրած տղամարդու նախկին կինն է:
Նշենք, որ ոստիկանությունը հայտնում էր, որ վիրավորներ չկան:
ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երեխային պատանդառած տղամարդը չի վիրավորվել, ընդամենը կիրառվել են հատուկ միջոցներ երեխային ազատելու համար: Նրա խոսքով, տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է, ինքն էլ չի հասկացել, թե ինչ հստակ պահանջ է ներկայացնում:
Նշենք, որ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի ներսից քիչ առաջ կրակոցների ձայներ են հնչել, որից հետո մանկապարտեզից դուրս են բերել 4 ժամից ավելի ներսում պատանդառված 3-ամյա երեխային:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ: Նախնական տվյալներով, նա Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանն է:


























