Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրահանգել է հանել ուժեղացված հսկողությունը Գերագույն Ռադայի շենքի մոտ, որտեղ շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մտադիր չենք այլեւս պետական ռեսուրսները ծախսել ու պահպանել Ռադայի մոտ հավաքված այդ խլամին: Հրաման եմ տվել հանել այդ տարածքից ՆԳՆ ուժերին»,-ասել է ՆԳ նախարարը:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ, Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին ողջունել է այդ որոշումը: Նա Facebook-ի իր էջում հույս է հայտնել, որ «խլամ» բառն օգտագործելով նախարարը նկատի է ունեցել խորհրդարանում նախագահամետ խմբակցություններին, քանի որ «Ազգային գվարդիան պահպանում էր ոչ թե ցուցարարներին, այլ պատգամավորներին այն մարդկանցից, որոնք եկել են նրանց հետ հանդիպելու»:

«Հարգելի պատգամավորներ, հետեւեք ձեր նախարար հրամանին եւ նիստի եկեք առանց թիկնապահների եւ ոչ հետնամուտքից, որ նայեք ձեր համաքաղաքացիների աչքերին»,-ընդգծել է Սահակաշվիլին: