Պակիստանի ոստիկանությունը կնոջ է կալանավորել, որը Փենջաբի նահանգում թունավորված կաթի միջոցով  սպանել է ամուսնուն եւ եւս 17 մարդու, հայտնում է Associated Press-ը: 

21-ամյա Ասյա Բիբին, ում բռնությամբ էին ամուսնացրել, իր սիեցյալի հետ ծրագրել էր թունավորել միայն ամուսնուն՝ Համջադ Լաշարիին: Այս նպատակով նա թույն է ավելացրել կաթի բաժակի մեջ եւ այն մատուցել ամուսնուն: Սակայն նա հրաժարվել է կաթը խմել:

Այնուհետեւ Բիբիի մայրը, չկասկածելով, որ բաժակով կաթը թունավորված է, այն օգտագործել է տնային յոգուրտ եւ կարագ պատրաստելու համար, որոնցով հետո հյուրասիրել է ամբողջ ընտանիքին:

Արդյունքում թունավորված մթերք է կերել 27 մարդ, որոնցից 17-ը մահացել է, այդ թվում Բիբիի ամուսինը: Մյուսներին անմիջապես հոսպիտալացրել են:

Պակիստանի ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Բիբիին եւ նրա սիրեցյալին, կինն արդեն դատարանի առջեւ է կանգնել:

«Ես ծնողներիս մշտապես խնդրում էի կամքիս հակառակ չամուսնացնել, քանի որ իմ կրոնը՝ իսլամը, ինձ նաեւ թույլ է տալիս ինքնուրույն ամուսին ընտրել, սակայն ծնողներս մերժեցին իմ բոլոր խնդրանքները եւ ինձ ամուսնացրին»,- դատարանում ասել է Բիբին:

Նա ասել է, որ թույնն իրեն է տվել սիրեցյալը, բայց սպանությունը միասին են ծրագրել:

Նա հայտնել է, որ խղճի խայթ է զգում այսքան մեծ թվով մարդ զոհվելու պատճառով, քանի որ իր նպատակը միայն մեկ մարդու՝ իր ամուսնու սպանությունն էր: