Հնդկաստանում հարսանիքի ժամանակ էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի արդյունքում 13 մարդ է մահացել, այդ թվում մեկ հղի կին:

Դեպքը տեղի է ունեցել արեւմտյան Ռաջասթխան նահանգում, հաղորդում է AFP-ն:

Տեղացիները նշել են, որ բազմիցս անհանգստություն են հայտնել տրանսֆորմատորի աշխատանքի հետ կապված, սակայն իշխանություններն այդպես էլ ոչինչ չեն ձեռնարկել:

Նշենք, որ Հնդկաստանում էլեկտրաէներգիայի համակարգի հետ կապված վթարային իրավիճակները հաճախ են լինում: Դա հիմնականում պայմանավորված է վատ սպասարկման հետ:

Վերջին տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հնդկաստանում 10 հազար մարդ է մահացել էլեկտրական հարվածի հետեւանքով: