Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան այցելեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ եւ ծառայություններ առաջարկող Synergy International Systems ընկերության բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Երկրի ղեկավարը շրջեց շենքում, ծանոթացավ գրասենյակի ժամանկակից չափորոշիչներին համապատասխանող աշխատանքային պայմաններին:

Նախագահին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Հիմնված լինելով 1997 թվակաին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքում Synergy International Systems ընկերությունն իր գործունեությունն է ծավալում Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի մի շարք երկրներում:

1999-ից գործում է նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղը, որը, թեեւ իր հիմնադրման պահին ունեցել է 5 աշխատակից, սակայն տարիների ընթացքում ընդլայնվել է եւ աշխատակիցների թիվը հասել է 120-ի:

Synergy International Systems-ն առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ եւ ծառայություններ՝ ուղղված հանրային եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների գործնական տեղեկատվության հավաքագրմանն ու տարածմանը: Ընկերությունն աշխատում է տարբեր ոլորտներում, ներառյալ մոնիտորինգի եւ գնահատման հանրային հիմնարկների կառավարման եւ դրամաշնորհների կառավարման ոլորտներում: