Ռուսական «Ատոմրեդմետզոլոտո» ընկերությունը շարունակում է արտասահմանում ուրան արդյունահանող ակտիվներ ձեռք բերել։ Ընկերությունը հայտարարել է ավստրալիական Mantra Resources Ltd ընկերության հետ համաձայնության մասին, որին պատկանում է «Մկուժու Ռիվեր» հանքավայրը Տանզանիայում։ Ըստ «Կոմերսանտի»՝ այդ ակտիվները ձեռք բերելու համար ռուսական ընկերությունը կվճարի 1,2 մլրդ դոլար։
«Մկուժու Ռիվեր»-ը գտնվում է Տանզանիայի հարավում, նրա ապացուցված պաշարները կազմում են 40 հազ. տոննա ուրան։ Այնտեղ արդյունահանումը հավանաբար կսկսվի 2013-ից։
Սա արդեն ռուսական այդ ընկերության երկրորդ նմանատիպ գործարքն է այս տարի։ Ավելի վաղ ընկերությունը ձեռք էր բերել կանադական Uranium One ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը։ Բացի այդ՝ փաստաթղթեր են ստորագրվել Մոնղոլիայում «Դորնոդ» հանքավայրի շահագործման համար։
«Ատոմրեդմետզոլոտո»-ն հետաքրքրվում է նաեւ այլ երկրներում ուրանի հանքերով։ Մասնավորապես՝ Նամիբիայում։ Իսկ Հայաստանում նրանք ուսումնասիրություններ են իրականացնում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում։




























