Ջուղայի խաչքարերն սկսել են ավերվել դեռեւս 1960-ականների վերջերից, իսկ նման արժեքները պահպանելուն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա հույս դնելն անհույս գործ է: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ըստ հուշարձամագետ Սամվել Կարապետյանի էլ՝  հուշարձանների ոչնչացումը հնարավորինս կանխելու միջոց, թերեւս, գոյություն ունի: «Պետք է դատական հայցերի օգնությամբ մի բան անել: Մինչեւ չկպնենք ջարդարարների գրպանին, հարց չենք լուծի»,-նշեց հուշարձանագետը:

Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ եթե ունենայինք հայկական հուշարձանները ներկայացնող բազմալեզու թարգմանություններով գրականություն, աշխարհին ավելի հեշտ կլիներ ծանոթացնել մեր մշակութային արժեքներին: «Մինչդեռ Ադրբեջանը նման գրականության համար հսկայական միջոցներ է ծախսում»,-նշեց նա:

«Առանց այլեւայլությունների ճշմարտությունն ավելի ծանրակշիռ է, քան ֆինանսական միջոցների հաշվին հորինված սուտը: Թեեւ Ադրբեջանը  ՅՈՒՆԵՍԿՕ-ին փորձում էր ապակողմնորոշել, այդուհանդերձ, մնաց ձեռնունայն»,-ընդգծեց Ս. Կարապետյանը։