Հայաստանի կառավարությունը խորհրդարանում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու համար։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին նման որոշում ընդունվեց կառավարության նիստում։

Կառավարությունն այդ որոշումը պայմանավորում է Հայաստանի տարածք ժամկետանց սննդամթերք եւ սննդային հավելումներ ներմուծելու եւ շուկայում դրանց սպառման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանում չի լինելու մի ապրանք, որը հաշվառումից դուրս է, այսինքն` չունի շտրիխ-կոդ։ Իսկ սննդամթերքի մասով պետք է պարտադիր նշված լինի նաեւ պահպանման ժամկետը։ Այսկերպ հնարավոր կլինի վերահսկել սննդամթերքի որակը եւ պաշտպանել սպառողներին։

Ի դեպ՝ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց այդ նույն օրենքի մեջ փոփոխություն կատարելու մի շարք պատգամավորների (Արծվիկ Սինասյան, Կարեն Վարդանյան, Արա Նռանյան, Ստյոպա Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Ռազաննա Առաքելյան եւ Հակոբ Հակոբյան) առաջարկությանը։

Պատգամավորներն առաջարկում էին սննդամթերքի իրացումը թույլատրել բացառապես ապրանքային նշանի առկայության պայմանով։

«Հայաստանում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների իրացման համար գրանցված ապրանքային նշանի պարտադրումը եւ դրանց փաթեթավորման վրա դրա գրանցման համարի առկայության պահանջը սննդամթերքի անվտանգության ապահովման երաշխիք լինել չի կարող»,- նշված է կառավարության եզրակացության մեջ։