Հայտնի է դերասան Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործընթացն սկսելու օրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ջիգարխանյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել: Հաշտարար դատական №202 տեղամասը հայցով քննարկում կանցկացնի նոյեմբերի 9-ին»,- հայտնել է Մոսկվայի Կունցեւսկի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:

Հոկտեմբերին 82-ամյա դերասանը հիվանդանոցում էր հայտնվել եւ շուտով ասել, որ պատրաստ չէ ներելու 38-ամյա կնոջը, որը, նրա խոսքով, իրեն մեծ ցավ է պատճառել:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին սեփական ցանկությամբ ազատվել է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնից եւ հայտնել է ապահարզան տալու մտադրության մասին:

Անցյալ շաբաթ դերասանը պաշտոնական նամակ էր ուղարկել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով իրեն եւ իր թատրոնի դերասաններին պաշտպանել «խաբեբաներից», որոնք խանգարում են կոլեկտիվի նորմալ աշխատանքին:

Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ներկայացուցիչը միաժամանակ հայտնել էր, որ նա մոր հետ Ռուսաստանից հեռացել է, բայց խոստացել է վերադառնալ, երբ իրավիճակը հանդարտվի: