Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Ամերիաբանկը» այսօր՝ դեկտեմբերի 16-ին պայմանագիր ստորագրեցին՝ 30 մլն դոլար վարկային ռեսուրս տրամադրելու վերաբերյալ։ «Ամերիաբանկն» այս ռեսուրսը պետք է օգտագործի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման նպատակով:
«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԵԱԶԲ-ի միջոցներից ֆինանսավորումը տրամադրվելու է 5 տարի ժամկետով, տարեկան 14 տոկոս միջին տոկոսադրույքով:
ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Մարատ Ջաուքենովն ասաց, որ ֆինանսավորումը տրամադրվում է «ՓՄՁ-ների աջակցության ծրագրի» շրջանակներում։ Նրա խոսքով՝ վարկը կխթանի «Ամերիաբանկի» ներդրումային գրավչությունը, ինչը հետագայում թույլ կտա ներգրավել այլ արտաքին ներդրողների։
Ա. Հանեսյանի տեղեկացմամբ՝ «Ամերիաբանկը» նախատեսում է ԵԱԶԲ-ից ներգրաված միջոցները տեղաբաշխել մինչեւ 2011թ. փետրվարի վերջը: «Ամերիաբանկի» վարկային պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմում է շուրջ 25 տոկոս: 2010 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 90 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար)։





























