Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 16-ին հավանություն տվեց  «ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) միջեւ համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հայաստանն անդամակցում է կազմակերպությանը 1992թ. մայիսի 12-ից: Կազմակերպության հետ համագործակցությունը կարեւորվում է այն տեսանկունից, որ UNIDO-ի փորձագետների կողմից մշակվող ծրագրերը, որպես կանոն, անարգել ընդունվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների եւ ներդրողների կողմից, ինչպես նաեւ ապահովվում է վերջիններիս լավագույն ընտրությունը:

ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում սույն Համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից ՀՀ-ում գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: