Հայաստանի եզդիների համայնքը ցանկություն ունի հեռուստաալիք ունենալու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ներկայացուցիչ Խըդր Հաջոյանն ու հավելեց. «Եթե հեռուստաալիք չեն տրամադրում գոնե հեռուստաժամեր թող լինեն, որպեսզի ցուցադրվի եզդիական երգ-երաժշտություն»:
Խըդր Հաջոյանի կարծիքով, հեռուստատեսություն ունենալը կօգնի, որպեսզի Հայաստանի բնակիչները տեղեկացված լինեն եզդիներից ու ճանաչեն նրանց:
«Եզդիներին շատերը չեն ճանաչում եւ նրանց շփոթում են քրդերի հետ: Եզդիները կապ չունեն քրդերի հետ: Քրդերն առանձին ազգ են, եզդիներն` առանձին: Ու ոչ միայն այդ նպատակով, այլեւ որպեսզի ցուցադրենք մերը, աշխարհը ճանաչի եզդի ազգին»,-նշեց Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ համայքը եզդիերենով ունի ռադիոհաղորդում եւ պարբերական, որը հայերեն է, սակայն նյութեր կան զետեղված նաեւ եզդիերենով:
Եզդիներն ունեն խնդիր կապված դասագրքերի հետ:
«Տպագրվում են քրդերեն դասագրքեր սակայն Հայաստանում քրդերը ազգային փոքրամասնություն չեն: Կան անձինք, ովքեր եզդիներ են եղել, սակայն կրոնափոխ են եղել, այսինքն նրանք դարձել են քրդեր, կամ փողով կաշառվել են: Ես ոչինչ չունեմ ասելու, թող նրանց համար անեն, սակայն եզդիներին չխառնեն դրա մեջ»,-ասաց Խըդր Հաջոյանը:
Նշենք, որ Հայաստանում կա 11 ազգային փոքրամասնություն: Ամենամեծ համայնքը եզդիներինն է, շուրջ 60 հազար: Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 2 տոկոսը:





























