Ձվի շուկայում գրանցված թանկացումներն այնքան էլ անսպասելի չէին. աժիոտաժային  այս իրավիճակում՝ Նոր տարվա նախաշեմին  այդպես էլ պետք է լիներ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Հայաստանում դեկտեմբերի 15-30-ը բավական յուրահատուկ շրջան է։ Պահանջարկի ավելացմանը զուգահեռ՝ այս սեզոնին ձվի գները, իհարկե, բարձրանում են։ Թեպետ ձվարտադրողները հավաստիացնում են, որ համաշխարհային շուկայում թռչնի կերը թանկացել է, ինչն իրոք այդպես է, սակայն նույնիսկ կերի գների իջեցման պարագայում մեզ մոտ, միեւնույն է, որեւէ փոփոխություն չի նկատվում»,- ընդգծեց ՀԱԿ անդամը։

«Ձվի շուկայում առկա մրցակցությունը խախտվեց ամռանը՝ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների մասնակցության արդյունքում։  Հիմա այդ շուկան հավասարակշռվածության կարիք ունի։ Թե ձվի շուկայում պատկերն  ինչպիսին կլինի, կերեւա հունվարի կեսերին։ Համոզված եմ՝ փոփոխություն  անպայման կլինի»,- ասաց Խաչատրյանը։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ Հայաստանում տնտեսությունը թեպետ շուկայական է, սակայն կառավարման ձեւերն ու մեթոդները վարչական են։

Նշենք, որ վերջին օրերին Երեւանի խանութներում 50 դրամանոց ձու գրեթե անհնար է գտնել։ Առաջարկվում են հիմնականում 60-65 դրամ արժողությամբ ձվեր։ NEWS.am-ի թղթակիցը նախօրեին «Երեւան Սիթի»-ի սուպերմարկետներից մեկում ականատես էր եղել, թե ինչպես մի կին գնում էր դարակաշարում դասավորված 50 դրամանոց բոլոր ձվերը՝ ընդհանուր առմամբ 400 հատ։ Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ ձվեր գնում, գնորդը պատասխանել էր, որ ձուն գնելով 50 դրամով, իր խանութում կվերավաճառի հատը 60 դրամով։