Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի նորանշանակ դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա) եւ քննարկել հայ-լատվիական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը եւ եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը:

Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի անցած ճանապարհին` նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին եւ կիսելու իր փորձը Եվրոպական միության հետ համագործակցության հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտման եւ գործարարների միջեւ կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվել են շինարարության, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավոր ուղղությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն իր ողջույններն է փոխանցել Լատվիայի վարչապետին: