Հայաստանի կառավարության վարած սոցիալական քաղաքականության եւ 2011 թվականի պետական բյուջեի վերաբերյալ իր ձեռնարկում ՀՅԴ խմբակցությունն անդրադառնում է սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների եւ առաջարկում դրանց լուծման ուղիներ։ Այս մասին դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք գտնում ենք, որ երկրին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ռազմավարություն, բայց սա չպետք է լինի միայն մեկ թիմի կողմից, այլ պետք է հավաքագրի բոլորի ուժերը։ Մեր բազմաթիվ առաջարկների թվում են հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականության շուրջ հետեւյալ հիմնական մոտեցումները։ Նախ, Հայաստանի տնտեսական զարգացման մոդել պետք է լինի։ Այսօր ՀՀ տնտեսությունը գերազանցապես հիմնված է հումքի արտահանման տնտեսական աճի քաղաքականության մոդելի վրա։ Մյուսը, աճի կենտրոնների քաղաքականությունն է։ Պետք է թիրախավորվի, որ Հայաստանում զբաղվածության մակարդակը հասնի 65 տոկոսի։ Հարկային մուտքերը պետբյուջեի անթույլատրելիորեն ցածր են եւ պետք է թիրախավորել 35 տոկոսը։ Բացի այդ, պետք է կատարվի հարկերի համախմբում, դրանց քանակի նվազեցում»,- նկատեց Մինասյանը:
Անդրադառնալով իրենց ձեռնարկում ներկայացված մյուս կարեւոր կետերին՝ նա դրանցից առանձնացրեց հատկապես գների կայունության ապահովումը։ «Կենտրոնական բանկը, որ այս գործընթացի հիմնական պատասխանատուն է, այսօր չի կարողանում իրականացնել իր հիմնական ֆունկցիան։ Այդ կառույցը դարձել է տնտեսության այնպիսի հսկա գործառույթներով օժտված մարմին, որը գերազանցում է անգամ Կառավարությանը եւ իրականացնում է անհավասարաչափ վարքագիծ։ Կենտրոնական բանկին տալով ֆինանսական շուկայի հիմնական կարգավորիչի դերակատարությունը՝ այսօր առաջանում են հակասություններ գների կայունության պահպանման եւ ֆինասական շուկայի զարգացման ոլորտում։ Սա բերում է նրան, որ ոչ միայն չի զարգանում ֆինանսական շուկան, այլ նաեւ Կենտրոնական բանկը չի կարողանում զսպել գնաճը։ Մյուս կողմից, Կենտրոնական բանկը չունի այն գործիքները որոնք կբերեն տնտեսական մրցակցության ակտիվացման»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը։





























